Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը մայիսի 21-ին պաշտոնական այցով կժամանի Հայաստան։ Նույն օրը ՀՀ ԱԳՆ-ում տեղի կունենա Ռուսաստանի և Հայաստանի արտգործնախարարների համատեղ մամուլի ասուլիսը։               
 

«Մենք ականատեսն ենք տագնապալի և վտանգավոր զարգացումների»

«Մենք ականատեսն ենք տագնապալի և վտանգավոր զարգացումների»
17.06.2014 | 12:49

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում գումարված միջազգային խորհրդակցության ավարտին ընդունված հայտարարությունում անդրադարձ կա նաև հայերի և ասորիների ցեղասպանությանը:
Հոգևոր առաջնորդները կոչ են անում անհապաղ դադարեցնել զինված հակամարտությունն ու թշնամությունը Սիրիայում և Իրաքում: Հայտարարությունն ընդունվել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում գումարված «Ճգնաժամը Սիրիայում. մարտահրավերներ հավատքի համայնքների համար» թեմայով երկօրյա միջազգային խորհրդակցության ավարտին:
Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի հրավերով խորհրդակցությանը մասնակցում էին Սիրիայի, Մերձավոր Արևելքի Եկեղեցիների խորհրդի, Եկեղեցիների համաշխարհային խորհրդի, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի և Վատիկանի ներկայացուցիչներն ու հոգևոր առաջնորդները։ «Մոտ չորս ամիս է անցել Ժնև-2 խաղաղարարական գործընթացի ձախողումից։ Մեծ ցավով ենք դիտարկում իրավիճակի վատթարացումը: Մեզ համար նողկալի է տների, դպրոցների, հիվանդանոցների և աղոթատեղիների զանգվածային և համատարած ոչնչացումը», - ասված է հայտարարությունում: «Պատերազմի ներթափանցմամբ հարևան Իրաք մենք ականատեսն ենք լինում տագնապալի և վտանգավոր զարգացումների: Հետևաբար, խիստ անհրաժեշտ ենք համարում կրկին կոչ անել հակամարտության բոլոր կողմերին՝ հետամուտ լինել զինված հակամարտության և թշնամության անհապաղ դադարեցմանը Սիրիայում և Իրաքում»: Խորհրդակցության մասնակիցները կոչ են արել հանել մարդասիրական նպատակներով Սիրիա դրամական փոխանցումների սահմանափակումներն ու հումանիտար օգնության արգելափակումը, դադարեցնել զենքի հոսքը, հակամարտության բոլոր կողմերի ֆինանսավորումը և դուրս բերել բոլոր օտար զինյալներին, անմիջապես ազատ արձակել Հալեպի երկու արքեպիսկոպոսներին, բոլոր գերիներին և անարդարացի բանտարկվածներին:
Համաժողովի մասնակիցները երախտագիտություն են հայտնել Հայ առաքելական եկեղեցուն և Հայաստանի կառավարությանը` իրենց երկրում ավելի քան 12 հազար սիրիացի փախստականների ընդունելու համար:
Հայտարարության հեղինակները անդրադարձել են հայերի և ասորիների ցեղասպանության թեմային՝ նշելով․ «Մենք հավաքվեցինք հայերի և ասորիների ցեղասպանության հարյուրամյակի նախօրեին և աղոթեցինք արդարության և խաղաղության համար: Մենք այցելեցինք Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր և հիշեցինք բոլոր նրանց, ովքեր իրենց կյանքով վճարեցին հավատքի և ազգային պատկանելության համար»:

Դիտվել է՝ 1147

Մեկնաբանություններ